Հեղինակի մասին

Ընտանիքս

Արմատներս

Ամեն մի ճշմարիտ արվեստագետ իր արտահայտչաձևերով է արծարծում անցողիկ ու հավերժական այն խնդիրները, որոնք կրում է ինքը և բախվում երկրային ընթացքի ճանապարհին: Եվ այն հարցումին՝ ո՞վ եմ ես, որտեղի՞ց  եմ գալիս ,բնականաբար, ո՞ւր եմ գնում, մնում է մշտական հարց՝ անսպառ պատասխաններով, և արմատի որոնումը հիմնական միջոցներից մեկն է պատասխանելու գրեթե հոգևոր այս հարցումին:

Ճակատագրի բերումով ծնվել եմ Երևանում, Ֆիրդուսի փողոցի N7 տանը։ Հայրս՝ Շմավոն Գրիգորի Շահումյանը, Շահումյանների պատմական տոհմից էր (տոհմածառը պահպանված է 1505 թվականից): Շահումյաններն Ալաշկերտի Բագրևան և Մանգասար գավառների իշխաններն էին և 1829թ. գաղթել էին Արևելյան Հայաստան: Հայրս բարի, ինքնամփոփ, առնական ու ազդեցիկ տղամարդ էր: Մայրս` Հեղինե Խաչատուրի Ղլեչյանը, քարտաշի ընտանիքից էր, ում տոհմը նույնպես 1829 թ. վերաբնակվել էր Հին Բայազետից: Նա փոքրամարմին էր, բարի ու հոգատար: Մանկական հիշողություններս լույսի, պատկերի, զգացողությունների զուգորդումներով լուծված են իմ բոլոր աշխատանքներում, նույնիսկ ,եթե

նկարում եմ մի բնապատկեր կամ աբստրակտ գաղափար: Այսօրվա պես հիշում եմ իմ կնունքի արարողությունը էջմիածնում, երբ երեք թե չորս տարեկան էի: Ինձ կնքեցին երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո՝ ևս երկու տարի սպասելով անհետ կորած Գառնիկ հորեղբորս վերադարձին: Նա այդպես էլ չվերադարձավ …

Երևանյան բակ

 Մեր փողոցը ծառաշատ էր, հին տներով ,բակերում ՝ այգիներ ու ծաղկանոցներ, նախկինում՝ Լենինի անվան, ներկայումս՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Այդ փողոցը հիմա էլ կա, բայց, ավաղ, առանց այգիների և քչքչան առուների: Երկու հանդիպակաց տների միջև էր գտնվում մեր բակը, կենտրոնում ՝ մի հսկա թթենի, որի սաղարթները հովանոցի պես ծածկում էին ամբողջ տարածքը ամառվա կիզիչ արևից: Մեր փողոցում ապրում էին յուրօրինակ մարդիկ և ընտանիքներ` էլ բնիկներ, էլ պոլսեցիներ, էլ վանեցիներ ու բայազետցիներ, ջոջ աղաներ, գիտնական ու բանվոր, գող ու չեկիստ, գրպանահատ ու պետական ծառայող, թուրք, ռուս, քուրդ և խառնածիններ …

Այս բազմապիսության ոչ սոցիալական, ո՛չ կրթական ու ոչ էլ ազգային տարբերությունները երբևիցե չխանգարեցին, որ մարդիկ իրար նկատմամբ լինեին սիրով ուկարեկից, մի ընտանիքի պես և հարգալից էին կանանց ու երեխաների հանդեպ: Մարդն առավել տեսանելի էր և ամբողջական։ Մեր փողոցում երթևեկություն գրեթե չկար, օրվա ընթացքում 2-3 մեքենա էր անցնում ևամբողջ փողոցը խաղահրապարակ էր պատանիների ու աղջիկների համար : Ֆուտբոլ, էշ միլիցա,հավալա,բանգլա -բլավ, յոթ քար, չիլիկ դաստա և ուրիշ խաղեր էինք խաղում: Իսկ ինքնասահ ու հեծանիվ եզակի երեխաներ ունեին:

Երբ հինգ տարիս լրացավ, հայրս ինձ հեծանիվ նվիրեց,որն էլ միջոց դարձավ, որ փողոց ելնեմ հեծանիվս ցուցադրելու և այդպես կամաց-կամաց խառնվեցի մեծ ու պուճուրին և խաղալով, ընկնել -ելնելով մտա այն հորձանուտը, որը կոչվում է կյանք: Հայրս աշխատանքի բերումով քիչ էր լինում տանը, հաճախ՝ միայն շաբաթ և կիրակի, ուստի իմ ու ավագ քույրերիս՝ Վիկտորիայի,Գոհարի դաստիարակության և մեր ընտանեկան հոգսերի ամբողջ բեռը մայրս էր կրում: Լինելով հրաշալի տնտեսուհի, միայն հորս աշխատանքով, նա մեզ լավ էր պահում . զուսպ էինք ու բավարարված: Մեր տանը հաճախ էին հյուրընկալվում մեր ազգականները, և զրույցների ժամանակ երբեմն-երբեմն մորիցս լսում էի ՁԱՅՆԱԶՈՒՐԿ բառը, որը վերաբերում էր մեր ընտանիքին: Չէի պատկերացնում, թե ինչպես կարելի է փակել մարդու բերանը, որ հնարավոր չլինի խոսել։ Ես այդ հասակում չգիտեի, որ պապս ՝ Տեր -Գրիգոր Շահումյանը, քահանա է եղել, 1937 -ին ձերբակալվել և գնդակահարվել է, որնույն տարի հորս նույնպես ձերբակալել են, իբրև քահանայի որդու, և մեր ընտանիքն ամբողջ ծանրությամբ կրել է ստալինյան բռնությունների հետևանքները, որ մեր տան մեծ մասը բռնագրավել և բնակեցրել են այլ մարդկանցով` մեզ թողնելով ընդամենը մեկ սենյակ : Եվ այս ամենից հետո մարդիկ դեռ լավատես էին, երջանիկ, որ պատերազմը վերջացել է, որ երեխաները կրթվելու հնարավորություն կունենան, որ ապագան « պայծառ » է լինելու …

Պատանեկան տարիներ

Հայրս գրասեր էր, և մենք լավ գրադարան ունեինք, որն ինձ դեռևս անհասանելի էր: Սակայն գերմաներեն երկու պատկերազարդ գրքեր կային, մեկը` հունական անտիկ քանդակագործության, մյուսը` ճարտարապետության, որոնք հրապուրել էին ինձ: Ժամերով ես թերթում էի այդ գրքերը և փորձում կրկնօրինակել պալատներն ու քանդակները: Այդ տարիներին ԽՍՀՄ-ում համընդհանուր հետաքրքրություն կար ճշգրիտ գիտությունների և արվեստների նկատմամբ: Դպրոցում մաթեմատիկայի ևֆիզիկայի հրաշալի ուսուցիչներ ունեինք, որոնց շնորհիվ աշակերտներից շատերը, այդ թվում և ես, աչքի էինք ընկնում հանրապետական և միութենական օլիմպիադաներում: Այդ էր պատճառը, որ յոթերորդ դասարանում, երբ ուզում էի Թերլեմեզյանի անվան ուսումնարանում քանդակագործություն սովորել, դպրոցի ղեկավարությունն ընդդիմացավ և, համոզելով ծնողներիս, ինձ պահեց դպրոցում։ Հետաքրքրություններս բազմազան էին, երազներս՝ նույնպես. հրապուրվել և հաճախում էի ավիամոդելի, քիմիայի, ֆիզիկայի, քանդակագործության խմբակներ, զբաղվում էի սպորտով ՝ բոքս, կուլտուրիզմ: Արդեն տասներորդ դասարանում էի: Եկել էր մասնագիտան կողմնորոշման պահը: Սակայն գեղարվեստաթատերական ինստիտուտ ընդունվելու և քանդակագործ դառնալու համար գիտելիքներս, հնարավոր է, բավարար չէին: Ինձ խորհուրդ տվեցին որևէ քանդակագործի մոտ կատարելագործվել։ Մենք ծանոթ քանդակագործ չունեինք, իսկ ամենահայտնի անունը Արա Սարգսյանն էր: Ինձ բախտ վիճակվեց երկու տարի ուսանել այդ մեծ մարդու արվեստանոցում : Մի նոր աշխարհ բացվեց, որը հնարավորություն ընձեռեց առնչվելու իրական արվեստի հետ : Ուսանելուն զուգահեռ ես մասնակցում էի նաև Արա Սարգսյանի էսքիզների մեծացման աշխատանքներին, որը գործնական և իմացական մեծ դպրոց էր ինձ համար : Երջանկություն է պատանի հասակում լինել մեծ արվեստագետի և մեծատառով մարդու կողքին, լսել ու սովորել։ Ես ինձ նույնացնում էի այն աշակերտների հետ, որոնք աճել էին Վերածննդի վարպետների արվեստանոցներում: 1962-ին քննությունները հաջող հանձնեցի և ընդունվեցի Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ: Հակառակի պես նույն տարի Մոսկվայի հրամանով հանրապետություններում փակվեցին քանդակի և գեղանկարի ստեղծագործական ֆակուլտետները, և մեզ` ընդունվածներիս, թե՛ քանդակի, թե՛ գեղանկարի կուրսերից հավաքեցին մի նոր՝ մոնումենտալ-դեկորատիվ արվեստի կուրսում, որտեղ հիմնական մասնագիտությունը նկարչությունն էր: Վեց ամիս անց վերաբացվեց քանդակի բաժինը, և ինձ առաջարկեցին տեղափոխվել, բայց ես արդեն հրապուրվել էի նկարչությամբ: Մեր կուրսում ութ ուսանողներ կային, հիմնականում՝ Թերլեմեզյանի ուսումնարանի շրջանավարտներ: Նրանք արդեն կայացած նկարիչներ էին, և այդ միջավայրում, ունենալով նաև հիանալի ուսուցիչներ, ինձ շատ հետաքրքիր էր և շատ բան ունեի սովորելու: Իսկական արվեստի բում էր: Երկրորդ կուրսի ուսանող էի, երբ մահացավ հայրս: Իր վերջին պատգամն այս էր . «Մայրդ շատ դժվարություններ է կրել, լավ կնայես մորդ …»: Նրա մահը մեծ հարված էր մեր ընտանիքին: Մայրս չէր աշխատում, քույրս և ես ուսանողներ էինք: Բարեկամներիս աջակցությամբ հարմար աշխատանք գտա: Կինոպրակատում գալիք ֆիլմերի գովազդներն էի նկարում: Դրանք 8-10 մետրանոց պաստառներ էին, որ նկարում էի գիշերները և, ինստիտուտի դասերին չէին խանգարում: Այդ աշխատանքը փարատում էր տխրությունս, ապահովում իմ և ընտանիքիս կարիքները:

Զարթոնք      և… ձերբակալություն

Ապրիլի 24: 1965 թվականին Մեծ եղեռնի հիշատակի 50 ամյակը Հայաստանում հուզումների բուռն ալիք բարձրացրեց: Առավել ակտիվ էր ուսանողությունը, ինչպես բոլոր ժամանակներում ՝ ջահակիրը և ջահի հետևորդը: Մտավորականության և ուսանողության անլեգալ կազմակերպած բազմահազարանոց ցույցն աննախադեպ էր սովետական իրականությունում: Այն շատ բան փոխեց մեր, ինչպես նաև ամեն մի հայի գիտակցության մեջ` հիմք դնելով մեր ժողովրդի ազատատենչ ձգտումների մեկնարկին: Ցույցի հաջորդ օրը` ապրիլի 25-ին, Եղեռնի նահատակների հիշատակին պատարագ մատուցվեց Էջմիածնում։ Իշխանությունները հետագա հուզումները կանխարգելելու նպատակով չէին թողնում ժողովրդին մասնակցել պատարագին: Մենք՝ մի քանի ուսանողներ, ոտքով այգիների միջով հասանք էջմիածին։ Հենց Մայր տաճարում մեզ ձերբակալեցին: Սովետական իրականության մեջ պետանվտանգության ուշադրության կենտրոնում հայտնվելն անհետևանք չէր անցնում, և կազմակերպված սադրանքի արդյունքում ես ձերբակալվեցի 1968 թ.-ի դեկտեմբերի 15-ին: Այդ ժամանակ արդեն ընտանիք ունեի: Ամուսնացել էի Այծեմիկ Գալստյանի հետ, ում սիրում էի, և նա մեր համատեղ կյանքի ընթացքում ինձ պարգևեց չորս զավակ՝ Վահեն, Դավիթը, Արան և Հեղինեն:

Բացօթյա համալսարան

Հայաստանի նկարիչների միությունը զորեղ էր ու հեղինակավոր և դեռևս անհասանելի մեզ` երիտասարդներիս: Միությունում հաճախ էին ցուցադրվում փաստագրական ևգեղարվեստական ֆիլմեր, որոնք հասանելի չէին հանրությանը, կազմակերպվում էին արվեստի ևընթացիկ ցուցահանդեսների քննարկումներ, որոնք հետագայում իրենց շարունակությունն էին գտնում միության կից բացօթյա սրճարանում: Մի վայր, որը դարձավ նոր մշակույթի ձևավորման և նրա ջատագովության համալսարան: Այն ինտելեկտուալ կենտրոն էր, վաստակով ու ծով գիտելիքների մարդկանց հավաքատեղի. շատերս կամավոր ունկնդիր էինք՝ մեր զարմացած , հիացած և ուշադիր դեմքերով։  Նստում էինք գինեբույր ու սրճաբույր բացօթյա սրճարանում, հաճախ ՝ մինչև ու շգիշեր : Մենք առիթ էինք ունենում առնչվելու մեր մեծերին ՝ Սարյանին , Քոչարին , Շիրազին, Պարույր Սևակին, Փարաջանովին, Լևոն Ներսիսյանին, Կոստան Զարյանին և այլոց: Այդպիսի մի երեկոյի ընթացքում ծանոթացա Սերգեյ Փարաջանովի հետ. մի եզակի  անհատ, ում զրույցները նույնքան հետաքրքիր ու ուսանելի էին, որքան ֆիլմերը: Փարաջանովը ձեռնամուխ էր եղել “Նռան գույնը” ֆիլմի աշխատանքներին ևինձ հրավիրեց Ալավերդի ,որտեղ ընթանում էին ֆիլմի նկարահանումները : Ալավերդի մեկնեցինք ավագ ընկերոջս ՝Օնիկ Մինասյանի հետ ,որ հրաշալի նկարիչ էր ևֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը: Օրեր էին՝ տարիների արժեք ու խորհուրդ ունեցող, որոնք սկիզբ դրեցին մի նոր բարեկամության և անջնջելի հետք թողեցին իմ կյանքում: 1969-ին ,վեցամսյա ձերբակալումիցս հետո, Փարաջանովը հրավիրեց ընթրիքի ՝նշելու իմ ազատությունը: Նա իմացավ իմ անկումային և հուսահատ որոշման մասին ՝ հեռանալ Հայաստանից և օրինակ բերեց իր հետ կատարվածը: Պարզվեց, որ նրան կեղծ մեղադրանքով ձերբակալել ևշուրջ վեց տարի ազատազրկել են կալանավայրում: Հետո իր բողոքն ու վրեժը նա արտահայտել է իր լավագույն ստեղծագործություններով և հորդորեց հետևել իր օրինակին , հորդոր , որ մշտապես դարձավ իմ ուղեկիցը կյանքիս ամենադժվար պահերին: Փառք Աստծո, ճակատագիրն ինձ լավ ընկերներ ու բարեկամներ է պարգևել , որոնցով ոգևորվել և իմաստավորել եմ իմ կյանքը:

Իմ նորամուտը նկարիչների միության ցուցասրահ կայացավ 1969-ին, տատիս՝ «Տիրուխնին» դիմանկարով (Հով. Թումանյանի 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես)։ Ցուցադրվեցի մեծն Մ. Սարյանի, Եր. Քոչարի և մյուս պատկառելի վարպետների միջավայրում: Չեմ թաքցնում՝ երջանկությունն ուերկյուղն էին ինձ տիրել։ Արդյո՞ք այս քննությունից պատվով դուրս կգամ: Չէ՞ որ մեծերն են թելադրում այն բարձրությունը , որին հետևելով պիտի ընթանաս: Արժեքների անկումը հուշում է նաև մեծերի բացակայության մասին, թեև սա մեր օրերի գլոբալացման աղետների մի մասն է…

Հավիտենականության երաշխիքը

Խորհրդային գաղափարախոսական սահմանափակումների պայմաններում Հայաստանն արվեստի մի յուրօրինակ օազիս էր, որը սակայն հաղորդակից էր աշխարհում գեղարվեստի ընթացող խմորումներին։ Նշածս տարիներին երևանյան ցուցասրահներում արդեն կարելի էր հանդիպել գեղագիտական տարբեր ուղղությունների ստեղծագործություններ :Գայթակղությունը մեծ էր նորի, արտասովորի, թարմության նկատմամբ: Այն օտար, չյուրացված նյութի անպտուղ ճանապարհով շատերին կարող էր տանել նմանակման աշխարհ: Արվեստում չկա մի ուղղություն, որն անընդունելի լինի: Արվեստում բոլոր ուղղությունները մարդու երևակայության ու հոգևոր պահանջմունքի պարտադրանք են ևիմաստավորվում ու արժևորվում են իրենց ներքին էներգիայով ու առաքելությամբ: Արվեստն առեղծված է, որ ծնվում էմարդու հետ և հարատևում մարդուց հետո, յուրովի հաղորդակցություն ստեղծելով անցյալի, ներկայի ու գալիքի միջև, իմաստավորում կյանքի հավիտենականությունը: Կերպարվեստում ցանկացած ժանր՝ նատյուրմորտ, բնանկար, դիմանկար խորհելու, զգայելու նույնքան ազդակներ ու զգացողություն պետք էտա ,որքան մեծածավալ կոմպոզիցիաները՝ անկախ ոճերից ուիզմերից: Արվեստը տիեզերական անսահմանություն է, որ ժամանակի ընթացքում նոր ձևեր ու արտահայտչամիջոցներ է ստանում ՝ մարդու հոգևոր և մտավոր զարգացմանն ուպահանջներին ներդաշնակ: Հազարամյակների ընթացքում մարդու էությունն ու մտահոգությունները , հույզերն ու երազները նույնն են մնացել ,ուստի ` ինչ ձևի և ոճի մեջ էլլինի նկարիչը , արվեստը կրում է այդ հույզերն ու երազները , ևմարդուն մարդեղացնում …Ստեղծելիս ՝ նկարչի ասելիքն ու ձևը նկարչի ենթագիտակցությունն են գիտակցության մեջ։Նկարչի ոգին է, որ խմբավարի պես հավաքում , ընդհանրացնում է նյութեղենն ու հոգևորը , կենսունակություն է հաղորդում ստեղծագործությանը ,ոգին է հաղորդակցում ևներգրավում առեղծվածներ , հույզեր ,մտորումներ մի միջավայր , որը մշտապես ուղեկցում է մարդկությանը: Մեծ վարպետներից շատերն են խոստովանել ,որ հասուն տարիքում են միայն սկսել ճանաչել և

ընկալել նկարչությունը… Արվեստում կատարելությունն անհասանելի նպատակ է,որն ուղղորդում է քեզ ամբողջ ստեղծագործական կյանքիդ ընթացքում: Յուրաքանչյուր ազգի ինքնությունն ու կերպարը, տեղն ու հեղինակությունը պայմանավորված են այդ ազգի ստեղծած մշակույթով, որը պատգամ և ուղեցույց է հետագա սերունդներին: Գիտակցումով և առաքելությամբ մեր ժողովուրդը դարեր շարունակ, ամենածանր պայմաններում իսկ, նաև առանց պետականության, ստեղծել և մեզ է փոխանցել համամարդկային արժեքներ: Նման խոհերով ու շեշտադրումով են ստեղծված իմ «Նարեկացի» (1995-2000թթ.), «Քավարան» (1994-1995թթ.) շարքերը, «Հայաստան» (2012թ.), «Իմ երազը», «Հայաստան՝ մարդկության կենաց ծառը» (2011 թթ.) և այլ գործեր…

Վարագույրից այն կողմ

Ստեղծագործելուն զուգահեռ 1976-1989թթ. ստանձնեցի Երևան քաղաքի գլխավոր նկարչի պարտականությունները: Աշխատանքը ծանրաբեռնված էր ևխլում էր ժամանակիս մեծ մասը, բայց լայն ասպարեզ էր մարդկանց հետ շփվելու և,կարևորը ,մասնակիցը լինելու սիրելի Երևան բարեփոխման գործին: Կար նաև մի հանգամանք ևս. 1968թ. իմ ձերբակալությունը, որն անհաղթահարելի խոչընդոտ էր սովետից դուրս գալու , հանգամանք, որն անօդ տարածության խեղդում էր ինձ: Ես մանկությունից երազել եմ ճանապարհորդ դառնալ … Եվ եկավ այդ պահը `1976 թ .-ին Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսում ուշադրության արժանացա և առաջարկ ստացա ստեղծագործական գործուղման մեկնել Հարավսլավիա: Եվ ահա հեռախոսազանգ քաղաքապետարանի իմ առանձնասենյակում :Հայաստանի պետանվտանգության կոմիտեի (ԿԳԲ-ի)ն երկայացուցիչն էր: Շեշտված քաղաքավարությամբ առաջարկեց հանդիպել։ Անմիջապես հասկացա, որ խնդիրն իմ ձերբակալությունն է ևՀարավսլավիա մեկնելու հանգամանքների պարզաբանումը: Ես պատրաստ էի հրաժարվել, միայն թե չվերհիշեի այդ օրերը, և հանդիպումից փորձեցի խուսափել։ Նա խնդրեց հանդիպել ,քանզի իր վերադասի հանձնարարությունն էր կատարում և շուտով հասկացավ, որ ինձ մարդկային ազատությունն ավելի թանկ է, քան այդ գործուղումն ու զբաղեցրածս պաշտոնը : Սառույցը կոտրված էր. ազատվեցի անազատության բարդույթից, որն ինձ ուղեկցել էր 1969 թ .-ից մինչև այդ օրը: Ուղևորությունը լի էր անմոռանալի հիշողություններով։ Առիթ ունեցա շփվելու Հարավսլավիայի տասնյակ արվեստագետների հետ: Եղա նրանց արվեստանոցներում ու ցուցահանդեսներում: Ունեցա մի փոքր ցուցահանդես՝ Կոպեր քաղաքում, որ լավ ընդունվեց: Մի երեկո մեզ ուղեկցող  քանդակագործ ԵԺե Պոհլենը մեզ՝ սովետի երեք արվեստագետներիս, հրավիրեց Հարավսլավիայի երկարամյա արտաքին գործերի նախարարի ծննդյան 75 -ամյակին նվիրված ճաշկերույթին: Տեղեկանալով, որ Հայաստանից եմ, նա բաժակ բարձրացրեց և մեծ հուզմունքով պատմեց մի  դրվագ իր կյանքից ,թե ինչպես երեք հայ տղաներ, որոնք ուսանել են Փարիզում ևորոնց ընտանիքները զոհ են դարձել թուրքական պետության կազմակերպած և իրականացրած հայերի ցեղասպանությանը , չորս տարի իրեն պահել են Փարիզում, փրկել սովամահ լինելուց, օգնել ավարտելու Սորբոնի համալսարանը: Եվ բոլորի հետ հոտնկայս խմեց հայ ժողովրդի ևիմ կենացը։ Այդ տղաներից մեկը եղել է նկարիչ Պետրոս Բեդիկյանը, ով հայտնի է փարիզահայերի շրջանում։ Հետագայում՝ և՛ Լեհաստանում, և ՛Ճապոնիայում, և՛այլ երկրներում օտարներից լսել եմ իմ ժողովրդին ուղղված երախտագիտության ու մեծարանքի խոսքեր, որոնք, անշուշտ, հպարտությամբ էին լցնում հոգիս և պարտավորեցնում:

Մաքառում

1988 թվական: Ղարաբաղյան շարժում, երկրաշարժ: Մեր երկիրն ալեկոծվում էր: Անթիվ զոհեր ու տուժվածներ կային թե՛ Ղարաբաղում, թե՛ երկրաշարժից հետո։ Ժողովուրդը դուրս էր ելել հրապարակ, ելք էր փնտրում օգտակար լինելու երկրին ու մարդկանց: Խաթարվել էր բնականոն կյանքը: Մարդուն անհրաժեշտ տարրական միջոցների բացակայության պայմաններում, մութ ու խավարում իսկ բարոյականության անսահման վերելք կար` կարեկցանք, սեր ևմիասնություն: Այլևս ոչ ոք չէր կարող խաբել ժողովրդին. միասնության գիտակցումը մեծ ուժ էր և մաքառելու էներգիայի պաշար: Խորհրդային կայսրությունը ճարճատում էր: Ամբողջատիրական անսասան թվացող երկրի մեխանիզմը խաթարվել էր: 1989-ին պետական այրերից ևմտավորականներից կազմված մի պատվիրակության հետ մեկնեցի ԱՄՆ, Բոստոն: Բազմաթիվ հանդիպումներ էին ծրագրված Հարվարդի և այլ համալսարաններում: Մեր նպատակն էր իրական տեղեկություններ հաղորդել Հայաստանում և Ղարաբաղում ընթացող իրադարձությունների մասին: Անմիջական շփումների միջոցով հազարավոր ամերիկացիներ լսում և տեղեկանում էին քաղաքական իրադրությանը ղարաբաղյան խնդրի շուրջ, որ մինչ այդ չգիտեին, և հաճախ հանդիպումներից հետո լսարանը ձայնարկում էր՝ Ազատություն Ղարաբաղին: Արվեստը քաղաքականության կցորդն ու սպասարկուն չէ, սակայն արվեստագետը չի կարող անհաղորդ մնալ հասարակական տեղաշարժերին: Այդ տարիների իմ մի շարք նկարներ ևքանդակներ իրենց վրա կրում են մեր ազատամարտի, մաքառումների և տրամադրությունների կնիքը («Երկնագույն երազ», «Հորձանուտ» և այլն):

Փարիզ: Նվիրական քաղաքում

1992 – ին ցուցահանդեսով հրավիրվեցի ԱՄՆ: Բոստոնի ցուցահանդեսում ներկայացված էին վերջին տարիներիս 50 աշխատանքները ` գեղանկար և գրաֆիկա, որոնք ջերմ արձագանքի արժանացան։ Կենսական դժվարությունների և հոգեկան ալեկոծությունների մթնոլորտում շատերս մնացինք և ստեղծագործեցինք Հայաստանում: Այդ տարիներն ինձ համար եղել են ամենաբեղմնավորն ու արդյունավետը : Ես համարում եմ տառապանքի իմաստավորման ժամանակաշրջան : 1994 թ. -ին ինձ հնարավորություն ընձեռվեց երկու ամիս անցկացնել Փարիզի արվեստների կենտրոնում (citedes arts): Առաջին անգամ էի գտնվում արվեստների մայրաքաղաքում : Ո՞ր նկարիչը չի երազել ցուցադրվել փորձության և ինքնահաստատման այդ «վտանգավոր միջավայրում»: Ներքին տագնապով էի մտածում հնարավոր ցուցահանդեսի մասին, հիշում իմ լավ բարեկամ, պատվելի մտավորական Լևոն Ներսիսյանին: Առաջին ու վերջին անգամ լինելով Փարիզում, նա պատմում էր,որ այդ միջավայրն իրեն շատ ծանոթ էր և հարազատ : Նույն զգացումն ունեի և ես: Փարիզում հարազատ կամ բարեկամ չունեի : Հենց երկրորդ օրն այցելության եկավ Կարբիս Ջրբաշյանը, որին նամակ ունեի փոխանցելու։ Հարուստ ներաշխարհով և արվեստասեր մի անձնավորություն, որի հետ լավ բարեկամներ դարձանք : Վերջապես ինձ հնարավորություն ընձեռվեց չորս օր ցուցադրվելու Սեն Պոլի մի փոքրիկ ցուցասրահում : Հաջողությունն աննախադեպ էր: Այդ օրերին ևհետագայում,Փարիզ այցելություններիս ընթացքում ինձ սատարում և ոգևորում էին իմ նոր բարեկամներն ու ընկերները . և՛ Կարբիս Ջրբաշյանը, և՛Էդվարդն ու Հասմիկը, որոնք Հայաստանից տեղափոխվել ունոր էին վերաբնակվել Ֆրանսիայում : Ցուցահանդեսի վերջին օրը նշանավորվեց Գառզուի այցելությամբ, ում հետ այդ օրվա ծանոթությունն ու նրա շռայլած հրճվանքի խոսքերը առինքնող էին և որոշակի դեր խաղացին իմ կյանքում : Նրա հրավերով իր արվեստանոցում երկար զրույց ունեցանք Հայաստանում տիրող իրավիճակի,մեր երկրի արվեստի ներկայի ևապագայի շուրջ: Գառզուն խորհուրդ տվեց մնալ և ստեղծագործել Փարիզում՝ առաջարկելով իր աջակցությունը : Ես չէի կարող հետևել այդ խորհրդին, քանզի ընտանիքս իմ կարիքն ուներ : Վաճառվել էին ցուցադրված շուրջ 35 աշխատանքներս, և ես շտապում էի վերադառնալ։ Պայմանավորվեցինք հաջորդ այցելությանս հանդիպել և համագործակցել, 1996 թ.-ին, ցավոք, Գառզուն արդեն վատառողջ էր, այդպես էլ ոտքի չելավ ևերկու տարի անց հեռացավ անմահություն : Փարիզյան այցելություններս մասնագիտական առումով անգնահատելի բացահայտումներ եղան :Ես հնարավորություն ունեցա պատկերասրահներում և ցուցասրահներում տեսնել շատ երկրների արդի նկարիչների արարումները : Տեսանելի դարձան այն տարբերություններն ու խոչընդոտները, որոնք խանգարել էին հայ տաղանդավոր շատ նկարիչների սերտաճելու և արժանի տեղ գտնելու համաշխարհային արվեստում: Ծանոթացա և սիրեցի Ֆրանսիայի նրբանկատ արվեստասերին, որն ավանդական հարգանքն ու սերն էր պահպանել ստեղծագործության և ստեղծագործողի նկատմամբ, առանձնահատուկ զգացողությամբ ևքնքշանքով էր մոտենում յուրաքանչյուր աշխատանքին՝ չընկալվածը փնտրելով իր մեջ: Փարիզի միջավայրում այդպես էին և՛ ֆրանսիացին, և՛ մեր հայրենակիցները, և՛ զբոսաշրջիկների բազմությունը, որոնք հայտնվել էին այդ առեղծվածային քաղաքում: Նկարիչը նման երկրում և միջավայրում զգում է իր և իր արած գործի բուն իմաստն ու արժեքը:

Որպես վերջաբան

Հիսուն տարի է հայոց մշակույթի օդն եմ շնչել,ապրել հարազատ մթնոլորտում, նրանով ձևավորվել՝ հետևելով ցեղերի, ազգերի, ժողովուրդների արվեստին ու քաղաքակրթություններին, տեսել եմ վերելքի ու վայրէջքի վիճակներ, նույնիսկ հասարակարգերի փոփոխման ողբերգությունն ու մարդկային դրաման :

Ես ունեցել եմ իմ անկումները, լռություններն ու նվաճումները, և ամեն օր իմ արվեստանոց եմ բարձրանում, շարունակում աշխատել և մտորել մարդու գոյության ու արվեստի առաքելության մասին: Փոխվո՞ւմ է ինչ-որ բան իմ նկարներով կամ քանդակներով . համենայն դեպս, ստեղծագործական ներշնչանք -էներգիան ինձ հուշում է` այո՛,այլապես մատիտը չի շարժվի, վրձինը կհամրանա, երանգը կմեռնի:

Չարի ու բարու փոխհարաբերության մեջ մշակույթը գաղափարների, զգացմունքների իր առեղծվածով բացում է մարդասիրական տարածություններ: Այդպես եղել է ու այդպես է լինելու: Մաքառումն իմ խառնվածքի շարժիչ ուժն է, միաժամանակ, իմ այս տարիքում, խոհականության եմ հակվում . վերջին տասնամյակի նկարներս թերևս այդ են հուշում իմ նկարչությունը ճանաչողներին: Ուզում եմ ասել ՝այս մոլորակի վրա կանք ի սկզբանե, արարում ենք, արմատ ու տոհմածառ ունենք և անցնելու ենք հավերժ ճանապարհ : Եվ ` իրավունքով։ Դժվար է անցումային ժամանակների արվեստագետի համար, մենք ներքաշվում ենք հոռետեսության ետնախորշերը, կռվում հեռանկարի հետ, սակայն կա մեծ արվեստի ակունքից բխող լույսը,որ ուղեկցել է մարդկությանը նաև ճակատագրական ժամերին: Իսկ ես ապավինում եմ այդ կենարար ուժին ի՛մ ժամանակի մեջ:

Կարծիքներ

Recent Posts

    Recent Comments

    No comments to show.
    Latest Posts
    • Հայերեն
    • English